Կենսագրություն
Վաղ տարիներ (1869-1881)
Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (նոր օրացույցով՝ հոկտեմբերի 8-ին) Փոքր Ասիայի Քյոթահիա քաղաքում։ Մկրտվել է ծնունդից երեք օր անց Սուրբ Թեոդորոս եկեղեցում և ստացել Սողոմոն անունը[16]։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, մասնագիտությամբ կոշկակար էր, որի ընտանիքը գաղթել էր Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղից, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից էր, և երբ տղան ծնվեց, նա ընդամենը 16 տարեկան էր։ Սողոմոնը նրանց միակ զավակն էր։ Երկուսն էլ մեծ սեր ունեին երաժշտության նկատմամբ։ Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը։ Դրանից հետո նրան սկսում է դաստիարակել հորական տատը՝ Մարիամը, որը նրա համար եղել է երկրորդ մայր։ Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին հենց նրան։
1875 թվականին փոքրիկ Սողոմոնն ընդունվեց իրենց քաղաքի միջնակարգ ուսումնարան, որն ավարտեց 1880 թվականին և հոր նախաձեռնությամբ մեկնեց Բուրսա քաղաք՝ ուսումը շարունակելու։ Նա վերադարձավ հայրենի քաղաք հոր մահվանից 4 ամիս անց։ Կոմիտասի մանկության ընկերը նրան բնութագրում էր որպես «գրեթե անօթևան». նա լիովին զրկվեց ծնողական խնամքից՝ դառնալով հոգեպես խոցելի, ինչը ևս դարձավ տարիներ հետո նրա մոտ ի հայտ եկած հիվանդության պատճառ։
Էջմիածին (1881-1895)
Էջմիածնի Մայր Տաճար, 1890-ականներ
Սողոմոնի կյանքում շրջադարձային էր 1881 թվականը։ Սեպտեմբերին 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Էջմիածին։ Գևորգ Դ Կաթողիկոսը հրահանգել էր, որ Գևորգ վարդապետը իր հետ Քյոթահիայից մի որբ աշակերտ բերի։ 20 երեխաների միջև վիճակահանության արդյունքում բախտը ժպտաց Սողոմոնին։ Հոկտեմբերի 1-ին Սողոմոնը ներկայացավ կաթողիկոսին։ Վերջինս սկսեց խոսել հայերեն, և տղան ոչինչ չհասկացավ։ Երբ կաթողիկոսն ասաց, որ տղան այդտեղ անելիք չունի, քանի որ չգիտի հայերեն, Սողոմոնը պատասխանեց, թե եկել է սովորելու ու երգեց. «Լույս Զվարթ» երգելիս Սողոմոնը նկատեց, թե ինչպես կաթողիկոսի աչքերից արցունքներ գլորվեցին և թավալվելով ճերմակ մորուսի վրայով՝ կորան վերարկուի ծալքերի մեջ։ Տղան արդեն Գևորգյան ճեմարանի ուսանող էր։ Այնտեղ նա վերջապես հոգևոր խաղաղություն գտավ։
1881-1910 թվականներին Սողոմոնը մեծ մասամբ եղել է Էջմիածնում, չնայած երկար ժամանակ է անցկացրել Եվրոպայում։ Ճեմարանում ուսուցման առաջին տարում նա սովորեց հայկական ձայնանիշերը՝ խազեր, որոնք զարգացվել էին XIX դարում Համբարձում Լիմոնջյանի և նրա ուսանողների կողմից։ Սողոմոնը բացահայտեց երաժշտության նկատմամբ իր մեծ սերը և սկսեց ձայնագրել Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը. գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը։ Հրաչյա Աճառյանը «Կյանքիս հուշերից» գրքում գրում է.
1890 թվականի օգոստոսի 9-ին Սողոմոնին շնորհվում է կուսակրոն սարկավագության վեցերորդ աստիճան։ Նույն տարում նա Խաչատուր Աբովյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ավետիք Իսահակյանի և այլոց ստեղծագործությունների հիման վրա երաժշտություն գրելու իր առաջին փորձերն է անում։ 1891 թվականի մարտի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արարատ պաշտոնական թերթում հայկական ձայնանիշերով տպագրվում է նրա «Ազգային օրհներգ» երգը։ Նրա վրա առաջին ազդեցությունը թողեց Քրիստափոր Կարա-Մուրզան, ով ճեմարանում դասավանդեց ընդամենը մեկ տարի՝ 1892 թվականին։ Հենց նա Սողոմոնին սովորեցրեց բազմաձայն երգչախմբի կառուցվածքը, որի շուրջ էլ նա կառուցեց իր երաժշտական ձեռքբերումները։
1892 թվականի մայիսին մեկնում է ծննդավայր՝ հագստանալու և առողջությունը վերակագնելու նպատակով։ 1893 թվականին ավարտում է Գևորգյան ճեմարանը, իսկ նույն տարվա հոկտեմբերի 5-ին Խրիմյան Հայրիկի կոնդակով ճեմարանում նշանակվում է երաժշտության ուսուցիչ։ 1894 թվականի սեպտեմբերի 11-ին Սուրբ Գայանեի վանքում ձեռնադրվում է աբեղա՝ Կոմիտաս անունով, իսկ 1895 թվականի սեպտեմբերին արքեպիսկոպոս Մեսրոպ Սմբատյանի կողմից ձեռնադրվում է վարդապետ, որից հետո բոլորը նրան գիտեին որպես Կոմիտաս Վարդապետ։ Նույն թվականին ավարտին հասցվեց նրա՝ ժողովրդական երգերի առաջին հավաքածուն՝ «Շար Ակնա ժողովրդական երգերի», որը ներառում էր սիրային, հարսանեկան, օրորոցային և պարային 25 երգեր։ Այն արժանացավ Էջմիածնի հոգևորականների հետադիմական և պահպանողական խմբակցության դժգոհությանը, ովքեր հալածում էին Կոմիտասին և հեգնանքով անվանում «սեր երգող քահանա»։
http://www.komitas.am/arm/letters.htm
Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը Կոմիտասի մասին ասել է. «Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»։
Կոմիտասի՝ արտասահմանից վերադառնալուց անցել էր 6 — 7 ամիս: Այդ ժամանակ արդեն որոշակի համբավ ու հմայք էր ստեղծել իր շուրջը: Սակայն էջմիածնում կային մարդիկ, որ այնքան էլ հաշտ աչքով չէին նայում «յար» և «սեր» երգող վանականին… Մամուլում լույս տեսավ մի հոդված, որտեղ, խոսելով Կոմիտասի մասին, կեղծանունով մի հոդվածագիր եզրակացնում էր. «Երեք տարում կոշկակարություն չի կարելի սովորել, չէ թե երաժշտություն»: Այս հոդվածը լուրջ վիշտ պատճառեց Կոմիտասին, թեև ձևացնում էր, թե իբր հաշվի չի առնում հոդվածագրի խոսքերի թույնը:
Մի անգամ նրա մոտ եկավ Վրթանես Փափազյանը’ կարճահասակ մի գիրուկ մարդու հետ: Կոմիտասը սկսեց նվագել և երգել իր մշակած երգերից: Փափազյանն էլ վերցրեց իր ջութակը ու սկսեց նվագել քրդական «Լուր — դա — լուր» — ը: Կոմիտասը հյուրերից աննկատ վերցրեց մի սպիտակ թուղթ ու, աչքերը հառած Փափազյանին, լսում էր նրա նվագը: Փափազյանը նվագում էր սրտախտիտ, ջերմ զգացումով:
— Ինչպե՞ս է, Կոմիտա՚ս, հավանեցի՞ր, — հարցրեց Փափազյանը՝ ջութակը վերցնելով կրծքից:
— Հիանալի է, հավանեցի ու սիրեցի, այժմ ես նվազեմ, դու լսի՛ր: Այս ասելով՝ Կոմիտասը վերցրեց գրասեղանից թերթը, նստեց դաշնամուրի մոտ ու սկսեց նվագել և երգել «Լուր — դա — լուր» — ը, որ նոր էր ձայնագրել տեղնուտեղը: Եղանակի վերարտադրությունը լիովին ճիշտ էր և հարազատ: Փափազյանը հիացմունքից ուղղակի ապշել, քարացել էր:
— Կոմիտա՚ս, դու այն առաջուց ձայնագրած ունեի՞ր:
— Ո՛չ, ձայնագրեցի, երբ դու նվագում էիր, — ասաց և ցույց տվեց ծուռումուռ տողերով նոր գրի առնված երգը:
Փափազյանը, շեշտակի հայացք նետելով իր հետ եկած ընկերոջ կողմը, ձայնեց.
— Մի՞թե անբարեխիղճ, անամոթ չէ այն մարդը, որ առանց ծանոթանալու Կոմիտասի հետ, առանց գաղափար ունենալու նրա շնորհքի ու ընդունակությունների մասին, հրապարակավ քննադատում է նրան…
— Այդ անամոթ մարդը ես եմ, Կոմիտա՚ս, և ներողություն եմ խնդրում իմ անբարեխղճության համար, — թոթովեց անծանոթը՝ խեցգետնի պես կարմրելով և ձեռները մեկնելով Կոմիտասին:
Հւսնկարծակիի եկած Կոմիտասի դեմքը մթագնեց անհաճո զգացումից, բայց վայրկենական այդ մութ ստվերին հաջորդեց լայն ու պայծառ ժպիտը, և նա մանկական անհիշաչարությամբ ու ներողամտությամբ սեղմեց իրեն պարզած ձեռքը:
https://lib.mskh.am/images/books/Komitas_banastercutjunner.pdf