Պարիս Հերունին եւ իր Ռադիոօպտիկական դիտակը

Պարիս Հերունին ծնվել է Երևանում մանկավարժների ընտանիքում։ Հայրը՝ Միսակ Մաթևոսի Հերունի, Մայրը՝ Սեդա Նիկողոսի Հերունի։ Պարիս Հերունին ամուսնացած էր, ուներ երկու որդի և մեկ դուստր։
Պարիս Հերունին ավարտել է Երևանի Վ. Չկալովի անվան թիվ 30 միջնակարգ դպրոցը։ 1951 թվականին ընդունվել է Մոսկվայի Էներգետիկայի ինստիտուտի Ռադիոտեխնիկական ֆակուլտետը՝ ուսանելով 6 տարի։ 1957 թվականին, ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Հայաստան և որպես ռադիոճարտարագետ աշխատանքի անցել Բյուրականի աստղադիտարանում։

Պարիս Միսակի Հերունի հայազգի ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, ռադիոտեխնիկական համակարգերի, ռադիոֆիզիկայի, ռադիոտեխնիկայի, ռադիոչափումների, ռադիոաստղագիտության և ռադիոհոլոգրաֆիայի ոլորտներում։
Հրապարակել է շուրջ 340 գիտական աշխատություն և 3 մենագրություն ‌։
Ուսումնասիրություններ է կատարել նաև հնագիտական աստղագիտության ոլորտում։ Նա երկրագնդի տարբեր կետերում գտնվող 4 աստղադիտակների միջոցով հետազոտել է Զորաց քարերը (Սյունիքի մարզում) և եզրահանգել, որ այն ավելի քան 7․500 տարվա պատմություն ունեցող աստղադիտարան է։

Թե ինչպես Արագածը հաղթեց Ղրիմին
Խորհրդային Հայաստանում ռադիոօպտիկական աստղադիտակի կառուցումն իրագործելու Պարիս Հերունիի ձգտումը սկզբից եւեթ չէր ողջունվում Մոսկվայի կողմից: Հայ գիտնականին առաջարկում էին դիտակի կառուցումը սկսել Ղրիմում, որտեղ նույնիսկ բնական փոս էին գտել դրա համար: Մոսկվայի իշխանություններից համաձայնություն կորզելու Պարիս Հերունիի պայքարը տեւեց շուրջ 17 տարի, եւ Խորհրդային Հայաստանում իր ծավալներով աննախադեպ գիտական նախաձեռնությունը կյանքի կոչվելու հնարավորություն ստացավ:

Ռադիոօպտիկական դիտակ ՌՕԴ-54/2.6-ի նախագծումն ու շինարարությունը մեկնարկեց 1980 թվականին: Դիտակի կառուցման վայրը պատահական չէր ընտրված: Պարիս Հերունին, դեռ շատ տարիներ առաջ ունենալով ռադիոդիտակ կառուցելու գաղափարը, երկար ժամանակ փնտրել էր այն կառուցելու գիտականորեն նպատակահարմար վայրը, եւ վերջապես որոշել էր, որ Արագածի հարավային լանջին պետք է լինի: Սակայն վայրը որքան նպատակահարմար էր գիտական տեսանկյունից, նույնքան խնդրահարույց էր պրակտիկ առումով, քանի որ ժամանակակից աշխարհը կարծես շրջանցել էր այս տեղանքն ու նրա բնակչներին:

Byurakan's radio-optical observatory in the name of Paris Heruni |  astronomy, astrophysics, radio telescope, scientific research institute /  centre

Արդյունքում՝ Ռադիոօպտիկական դիտակի կառուցման աշխատանքները սկսեցին ուղեկցվել ճանապարհների կառուցմամբ, տեղանքի հոսանքապատմամբ եւ այլ բարեփոխումներով՝ նոր շունչ տալով դատարկվող գյուղերին:

Հարկ է նշել, որ նման ծավալի գիտական շինարարությունը հազվադեպ հանդիպող երեւույթ էր ոչ միայն Խորհրդային Հայաստանում, այլեւ ամբողջ ԽՍՀՄ տարածքում: Սրա մասին Պարիս Հերունին պատմում է իր հարցազրույցներից մեկում.

«Գիտական աշխատանքների ավարտին Մոսկվայից հանձնաժողով եկավ, որի անդամներից մեկը ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վլադիմիր Կոտելնիկովն էր: Նա, տեսնելով իրականացվող շինարարության ծավալները, դարձավ ինձ ու ասաց. «Ես համաձայն եմ, որ սովետական գիտնականը կարող է աշխարհում առաջինը որեւէ գաղափար տալ, սակայն ինչպե՞ս է Ձեզ հաջողվել փորձարկումն առաջինը իրականացնել, չէ՞ որ Արեւմուտքում հաշվիչ տեխնոլոգիաներն ավելի զարգացած են»»:

Ռադիոդիտակը շահագործման հանձնվեց 1987թ. եւ իր գործածության հենց առաջին րոպեներին գիտական խոշոր հայտնագործություն իրականացրեց՝ արձանագրելով տվյալ պահից դեռեւս 25 տարի առաջ Երկվորյակների համաստեղությունում տեղի ունեցած Էտտա աստղի պայթյունը:

Մեկ այլ հետաքրքիր բացահայտում տեղի ունեցավ արդեն դիտակի համալրման աշխատանքների ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ դիտակի անտենայի կենտրոնով անցնող հյուսիս-հարավ միջօրեականն անցնում է ուղիղ Տեղերի Սուրբ Աստվածամոր վանքի գմբեթի խաչով: Տեղի բնակիչներն էլ, իրենց հերթին, սկսեցին լեգենդներ հորինել, որ Պարիս Հերունիի «տիեզերական անտենային» հաջողվել է մեր մոլորակից դուրս կյանք գտնել:

Տեղեկությունը՝ mediamax.am, wikipedia