Հեքիաթի փոխադրություն Արցախի բարբառից/ «Կտակը»

Ղարաբաղի գյուղերից մեկում, մի գյուղացի՝ անունը Ծատուր, մեռնելու ժամանակ քահանային է կանչում և կտակ է անում.
-Գրի՛ր, հինգ հազար ռուբլի ՝ Մանուշակ անունով աղջկանս, երեք հազար ռուբլի՝ Գևորգ անունով տղայիս, վեց հազար ռուբլի՝ Զառ անունով կնոջս, երկու-երկու հազար ռուբլի էլ՝ մնացած փոքր երեխաներիս, հազար ռուբլի էլ՝ քեզ։

Քահանան մտածում է, մտածում ասում է.
– Բա, ես քեզ բոլորից շատ եմ սիրում, դու ինձ հազար ռուբլի ե՞ս տալիս, բա այդպիսի բան կլինի՞։

Ծատուրը մտածում է, ասում.
– Լավ քահանա, քեզ էլ եմ երկու հազար ռուբլի կտակում։
Քահանան ուռած, փքված գնում է տուն, կնոջն ասում.
– Այ կնիկ, չիմացար՝ ի՞նչ եղավ, Ծատուրը ինձ երկու հազար ռուբլի է կտակել, էլ ի՞նչ ունենք մտածելու։
Կինն ասում է.
– Բա, Ծատուրը այդքան փողը որտեղի՞ց է տալիս։
Քահանան մատը տանում է քունքին ու ասում.
– Ճիշտ ես ասում, որտեղի՞ց կտա, գնամ հարցնեմ, տեսնեմ որտեղի՞ց կտա։

Գնում է Ծատուրի տուն, ասում.
– Այ, Ծատուր։
Ասում է .
– Ի՞նչ։
– Այ, Ծատուր, բա երկու հազար ռուբլի որտեղի՞ց կտաս։
Ծատուրը վերմակի տակից ոտքերը հանում է և ասում.
– Ոտքերիս տակից, ոտքերիս տակիս։