Սուրբ Ծննդյան տոնին նվիրված պատմությունների վերլուծություն

Մենք այս շաբաթվա ընթացքում երեք պատմություն անցանք որոնք կապված էին Սուրբ Ծննդի եւ սուրբ ծննդյան հրաշքների հետ։ Դրանցից առաջինը վերնագրված էր՝ «Խոսեի սանդալները»։ Սա մի տխուր, բայց միեւնույն ժամանակ նաեւ գեղեցիկ տոնական շնչով լեցուն մի պատմություն էր։ Այստեղ գլխավոր հերոսը Խոսեն էր եւ, քանի իր նա երբեք չէր զգացել թէ ի՞նչ է իրենից ներկայացնում սերը կարծում էր, որ եթե իր հետ մարդիկ վատ են վերաբերվում ուրեմն սովորական բան է։ Սուրբ Ծննդյան նախորյակին եկեղեցում նա հասկանում է, թե ինչ է սերը, հասկանում է, որ այս կյանքում իրականում նա չափազանց միայնակ է եւ հենց այդ պահին ինչպես պատմության վերջում պարզվում է իրեն է մոտենում Հիսուսը, աղքատ տղայի կերպարանքով։ Այդ ժամանակ մենք կարող ենք տեսնել, թե ինչքան բարի է Խոսեն, քանի որ նա միայն մեկ զույգ կոշիկ ուներ եւ չնայած դրան նա իր կոշոկի մի զույգը տվեց տղային։ Եւ վերջում իր բարության համար նա ստացավ սուրբ ծննդյան մի հիասքանչ անակընկալ։
Երկրորդ պատմությունը սեփական երազանքին հետեւելու մասին էր եւ այն մասին, որ պետք չի լսել այն մարդկանց կարծիքը որոնք խոչնդոտում է մեր երազանքի իրականացմանը։
Իսկ վերջին պատմությունը ցանկությունների մասին էր։ Մենք շատ տարբեր բաների մասին ենք մտածում, ցանկանում, փորձում լուծել մեր ճանապարհին ի հայտ եկած խնդիրները, բայց շատ հաճախ այդ ամենը լինում է ոչ այնպես ինչպես, որ մենք պատկերացնում էինք։ Եւ այդ ամենը այն պատճառով է, որ իրականում մեր կյանքն արդեն ունի գծված ճանապարհ եւ մենք չենք կարող փոխել այն եւ այդ ամենի հեղինակն Աստվածն է։

Խոսեի սանդալները

Շատ տարիներ առաջ, անհիշելի ժամանակներում Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով`համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար:
Խոսեն, որ երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում:


Նրանք ապրում էին բավական հարուստ միջավայրում, բայց մորաքույրը տեղական դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսուցման համար գնի միայն մեկ տասներորդ մասը վերցնի, սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը: Գլխավոր ուսուցիչը, համաձայնելուց բացի, ընտրություն չուներ, բայցևայնպես հրահանգեց ուսուցիչներին առիթը բաց չթողնել` վիրավորելու Խոսեին այն հույսով, որ նա իրեն վատ կպահի և տեղիք կտա դպրոցից վտարվելուն:


Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:
Մոտեցավ ճրագալույցը: Գյուղի հոգևորականն արձակուրդում էր: Աշակերտները պետք է հավաքվեին եկեղեցում` գյուղից քիչ հեռու: Աղջիկներն ու տղաները քայլում էին, և հաշվի չառնելով Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, խոսում այն մասին, թե ինչ են գտնելու իրենց կոշիկների մոտ հաջորդ օրը. նորօրյա հագուստ, թանկարժեք խաղալիքներ, քաղցրավենիք և հեծանիվներ:


Դա առանձնահատուկ օր էր, այդ իսկ պատճառով աշակերտները լավ էին հագնված, բացի Խոսեից, որը հագել էր ամենօրյա պատառոտված իր սովորական հագուստը և այն նույն` մի քանի համար փոքր ճղճղված սանդալները, որոնք չորս տարեկանում նվիրել էր մորաքույրը, ասելով, որ կստանա նոր զույգ, երբ դառնա տասը տարեկան: Երեխաներից ոմանք նրան հարցրին, թե ինչու է այդքան աղքատ և ասացին, որ ամաչում են այդպիսի շորեր ու կոշիկներ հագնող նման ընկեր ունենալուց:


Քանի որ Խոսեն երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, նրան ընդհանրապես չէին անհանգստացնում նրանց հարցերն ու մեկնաբանությունները:
Ինչևէ, երբ երեխաները մտան եկեղեցի, և Խոսեն` լսելով երգեհոնի ձայնը, տեսնելով վառ լույսերը, տոնական հագուստով միաբանությանը, մեկտեղ հավաքված ընտանիքներ, ծնողներ` փաթաթված իրենց երեխաներին, զգաց, որ ամենաաղքատն է նրանցից: Հավաքույթից հետո, մյուսների հետ տուն գնալու փոխարեն, նա նստեց եկեղեցու աստիճանին և լաց եղավ: Եվ քանի որ երբեք չէր զգացել քնքշանք, այդ պահին միայն հասկացավ, որ միայնակ է ու անօգնական` լքված բոլորի կողմից:


Միայն հետո Խոսեն նկատեց իր մոտ նստած փոքրիկ տղային` հավանաբար իր նման ոտաբոբիկ ու աղքատ: Առաջ երբեք չէր տեսել այդ տղային և կարծեց, որ նա պետք է երկար քայլեր` այդտեղ հասնելու համար: Մտածեց. նրա ոտքերը երևի սառած են:


Նրան կտամ իմ սանդալներից մեկը` գոնե ինչ-որ չափով կմեղմացնի ցավը:
Թեև Խոսեն երբեք չէր տեսել քնքշանք, գիտեր տառապանքի գինը և չէր ուզում, որ ուրիշներն էլ տառապեն: Իր սանդալներից մեկը տալով տղային` մյուսով վերադարձավ տուն: Սկզբում մեկ ոտքի վրա էր, հետո` մյուսի, այնպես որ ոտնատակերը շատ չմաշի քարքարոտ ճանապարհին: Տուն հասնելուն պես մորաքույրը նկատեց նրա ոտքի մի սանդալը և ասաց, որ խիստ կպատժվի, եթե մյուս օրը սանդալը չգտնի:


Խոսեն վախով պառկեց քնելու, որովհետև գիտեր, թե ինչպիսին են մորաքրոջ պատիժները: Ամբողջ գիշեր դողաց վախից, և երբ քունը մոտեցել էր, հյուրասենյակում ձայներ լսեց: Մորաքույրը ներխուժեց հյուրասենյակ, փորձելով իմանալ, ինչ է կատարվում:


Դեռևս քնաթաթախ Խոսեն սենյակի կենտրոնում տեսավ այն սանդալը, որ տվել էր փոքրիկ տղային: Այժմ, սակայն, այն շրջապատված էր տաբեր տեսակի խաղալիքներով, հեծանիվներով ու հագուստով: Իսկ հարևանները գոռում-գոչում էին, հայտարարելով, թե իրենց երեխաները թալանված են, որովհետև արթնանալով, իրենց կոշիկների մոտ ոչինչ չեն գտել:


Այստեղ շնչասպառ ներս մտավ այն եկեղեցու հոգևորականը, որտեղ նախորդ օրը տոնակատարությունն էր. եկեղեցու աստիճաններին հայտնվել էր մանուկ Հիսուս` ոսկեզօծ հագուստով և միայն մեկ սանդալով: Տիրեց լռություն, ամեն ոք պատկերացնելով Աստծուն` լուռ աղոթում էր: Մորաքույրը լալիս ու ներողություն էր խնդրում: Իսկ Խոսեի սիրտը լի էր ավյունով և սիրով:

Սուրբ Ծննդյան հեքիաթ

images

Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է, աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անցկացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում:

Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո, ասորեստանցիների դեմ ճակատամարտերում, արյամբ ողողվեց այդ հողը: Նրանք երես առ երես տեսել էին ոխերիմ թշնամիներ Հեզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը. նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորեղենով բարձած քարավանները:

Եվ գեղեցիկ մի օր մայրիները որոշեցին խոսել ապագայի մասին:

— Այն ամենից հետո, ինչ ինձ վիճակվեց տեսնել, — ասաց առաջինը, ես կուզեի գահ դառնալ, որի վրա բազմեր աշխարհի ամենահզոր թագավորը:

— Իսկ ես կուզեի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր,- ասաց երկրորդը:

— Իսկ ինչ մնում է ինձ, — ասաց երրորդը, ապա կուզեի, որ մարդիկ` ինձ նայելով` ամեն անգամ Աստծուն հիշեին:

Անցան տարիներ ու տարիներ, և ահա անտառում վերջապես փայտահատներ հայտնվեցին: Նրանք կտրեցին մայրիները և սղոցեցին դրանք:

Մայրիներից յուրաքանչյուրն իր նվիրական իղձն ուներ, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ով ինչ է երազում: Առաջին մայրին գոմ դարձավ, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որը հետո մի կահույքավաճառի ծախեցին:

Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: Դրանք սղոցով տախտակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:

Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր բնափայտն ախր այնքան լավն էր: Ոչ մեկը, սակայն, արժանի ձևով չօգտագործեց»:

Ժամանակն անցավ, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ, որ օթևան չուներ, որոշեց գիշերել այն գոմում, որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից: Կնոջ ծննդաբերելու օրերն էին: Այդ գիշեր նա որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:

Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց. նա նեցուկ եղավ Երկրի Մեծագույն Թագավորին:

Տարիներ անց մի գեղջկական համեստ տան մեջ մարդիկ նստել էին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու բնափայտից: Նախքան ընթրիքը սկսելը, նրանցից մեկը սեղանին դրված հացի ու գինու վրա մի քանի խոսք ասաց:

Եվ այդտեղ երկրորդ մայրին հասկացավ, որ հենց այդ պահին ինքը նեցուկ եղավ ոչ միայն գինու սափորին ու հացի պնակին, այլև Մարդու և Աստծու միջև միությանը:

Հաջորդ օրը երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ մայրին սոսկաց իր բախտից և սկսեց անիծել իր դաժան ճակատագիրը:

Բայց երեք օր էլ չէր անցել, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը. խաչից կախված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն: Խաչը, որ պատրաստված էր այդ մայրու բնափայտից, խոշտանգման գործիքից վերափոխվեց հաղթության խորհրդանիշի:

Այսպես կատարվեց երեք լիբանանյան մայրիների ճակատագիրը. և ինչպես դա միշտ լինում է երազանքների հետ, նրանց երազանքները կատարվեցին, բայց բոլորովին այլ ձևով, քան իրենք էին պատկերացնում: