Քաղաքացիական օրենսգիրք


ԱՊՐԻԼ
 10-14

Քաղաքացիական օրենսգիրք

Առաջադրանք՝

ԳԼՈՒԽ 4
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Քաաքացիական օրենսգրքից առանձնացնել՝

  • Քաղաքացիների իրավունակությանը վերաբերող հոդվածները
Հոդված 21.Քաղաքացիների իրավունակության բովանդակությունը

 

Քաղաքացիները կարող են`

1) սեփականության իրավունքով ունենալ գույք.

2) ժառանգել և կտակել գույքը.

3) զբաղվել ձեռնարկատիրական և օրենքով չարգելված ցանկացած այլ գործունեությամբ.

4) ինքնուրույն կամ այլ քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ համատեղ ստեղծել իրավաբանական անձ.

5) կնքել օրենքին չհակասող գործարքներ և կրել պարտավորություններ.

6) ընտրել բնակության վայր.

7) ունենալ գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների, գյուտերի ու մտավոր գործունեության` օրենքով պահպանվող այլ արդյունքների հեղինակի իրավունքներ.

8) ունենալ այլ գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ:

ոդված 22.Քաղաքացու անունը

 

1. Քաղաքացին իրավունքներ և պարտականություններ է ձեռք բերում ու իրականացնում իր անվամբ, որը ներառում է նրա ազգանունը և անունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը:

Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` քաղաքացին կարող է օգտագործել կեղծանուն (մտացածին անուն):

2. Քաղաքացին իրավունք ունի օրենքով սահմանված կարգով փոխել իր անունը: Քաղաքացու անվան փոխելը հիմք չէ նախորդ անվամբ ձեռք բերված նրա իրավունքները և պարտականությունները դադարելու կամ փոփոխելու համար:

Քաղաքացին պարտավոր է իր պարտապաններին և պարտատերերին տեղյակ պահել անունը փոխելու մասին ու կրում է իր անունը փոխելու վերաբերյալ այդ անձանց մոտ տեղեկությունների բացակայության հետևանքով առաջացած վնասների ռիսկը:

Անունը փոխած քաղաքացին իրավունք ունի պահանջել, որպեսզի իր հաշվին համապատասխան փոփոխություններ մտցվեն իր նախկին անվամբ ձևակերպված փաստաթղթերում:

3. Ծննդյան ժամանակ քաղաքացու ստացած անունը, ինչպես նաև նրա անվան փոփոխությունը ենթակա են գրանցման` քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար սահմանված կարգով:

4. Այլ անձի անվամբ իրավունքներ և պարտականություններ ձեռք բերել չի թույլատրվում:

5. Քաղաքացու անվան ապօրինի օգտագործմամբ նրան պատճառված վնասը ենթակա է հատուցման` սույն օրենսգրքին համապատասխան:

Քաղաքացու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը շոշափող եղանակով կամ ձևով նրա անունն աղավաղելու կամ օգտագործելու դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված կանոնները:

  • Քաղաքացու գործունակությունը
Հոդված 2.Ձեռնարկատիրական գործունեություն

 

Ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է:

Հոդված 24.Քաղաքացու գործունակությունը

 

1. Իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (քաղաքացիական գործունակություն) լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն` տասնութ տարեկան դառնալու պահից:

2. Տասնվեց տարին լրացած անչափահասը կարող է լրիվ գործունակ ճանաչվել, եթե նա աշխատում է աշխատանքային պայմանագրով կամ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:

Անչափահասին լրիվ գործունակ ճանաչելը (էմանսիպացիա) կատարվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման հիման վրա` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում` դատարանի վճռով:

Ծնողները, որդեգրողները և հոգաբարձուն պատասխանատվություն չեն կրում լրիվ գործունակ ճանաչված անչափահասի պարտավորությունների, մասնավորապես նրա կողմից պատճառված վնասի հետևանքով առաջացած պարտավորությունների համար:

3. Այն դեպքում, երբ օրենքով թույլատրվում է ամուսնանալ մինչև տասնութ տարեկան դառնալը, քաղաքացին լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերում ամուսնանալու պահից:

Ամուսնության հետևանքով ձեռք բերված գործունակությունը լրիվ ծավալով պահպանվում է նաև մինչև տասնութ տարեկան դառնալն ամուսնալուծվելուց հետո:

Ամուսնությունն անվավեր ճանաչելիս` դատարանը կարող է վճիռ կայացնել դատարանի կողմից որոշված պահից անչափահաս ամուսնու գործունակության լրիվ կորստյան մասին:

Հոդված 26.Քաղաքացու ձեռնարկատիրական գործունեությունը

 

1. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար քաղաքացին իրավունք ունի ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակիցը:i

2. Քաղաքացին, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու պահից, իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Քաղաքացիներն առանց պետական գրանցման կամ հաշվառման (առանց իրավաբանական անձ կազմավորելու կամ անհատ ձեռնարկատեր հաշվառվելու) իրավունք ունեն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, եթե օրենքով սահմանված կարգով հաշվառվել են հարկային մարմնում և ստացել են արտոնագիր կամ գյուղատնտեսական արտադրանք արտադրելու նպատակով կնքել են համատեղ գործունեության պայմանագիր, ինչպես նաև օրենքներով սահմանված այլ դեպքերում: Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիները ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտ են հանդիսանում միայն տվյալ համատեղ գործունեության պայմանագրի սահմաններում: 

3. Քաղաքացիների` առանց իրավաբանական անձ կազմավորելու իրականացվող ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքով առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող կանոնները, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից կամ իրավահարաբերության էությունից:

4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի պահանջների խախտմամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող քաղաքացու գործարքների նկատմամբ դատարանը կարող է կիրառել սույն օրենսգրքի` ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված պարտավորությունների մասին կանոնները:

  • Մինչև տասնութ տարեկան անչափահասների գործունակությունը սահմանող հոդվածները
Հոդված 29.Մինչև տասնչորս տարեկան անչափահասների գործունակությունը

 

1. Տասնչորս տարեկան չդարձած անչափահասների (փոքրահասակների) փոխարեն գործարքները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշվածների, նրանց անունից կարող են կնքել միայն նրանց ծնողները, որդեգրողները կամ խնամակալները:

2. Վեցից մինչև տասնչորս տարեկան փոքրահասակներն իրավունք ունեն ինքնուրույն կնքել`

1) մանր կենցաղային գործարքներ.

2) նոտարական վավերացում կամ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում չպահանջող` անհատույց օգուտներ ստանալուն ուղղված գործարքներ.

3) օրինական ներկայացուցչի կամ վերջինիս համաձայնությամբ երրորդ անձանց կողմից որոշակի նպատակով կամ ազատորեն տնօրինելու համար տրամադրված միջոցները տնօրինելու գործարքներ:

3. Փոքրահասակի գործարքներով` ներառյալ նրա կողմից ինքնուրույն կնքված գործարքները, գույքային պատասխանատվություն են կրում նրա ծնողները, որդեգրողները կամ խնամակալը, եթե չապացուցեն, որ պարտավորությունն իրենց մեղքով չի խախտվել: Այդ անձինք, օրենքին համապատասխան, պատասխանատվություն են կրում նաև փոքրահասակի պատճառած վնասի համար:

 i

Հոդված 30.Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների գործունակությունը

 

1. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասները կարող են գործարքներ կնքել իրենց օրինական ներկայացուցիչների` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված գործարքների:

Այդպիսի անչափահասի կնքած գործարքը վավեր է նաև նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի` հետագայում տված գրավոր հավանության դեպքում:

2. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասները, առանց ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնության, իրավունք ունեն`

1) տնօրինել իրենց աշխատավարձը, կրթաթոշակը և այլ եկամուտները.

2) իրականացնել գիտության, գրականության կամ արվեստի ստեղծագործության, գյուտի կամ մտավոր գործունեության` օրենքով պահպանվող այլ արդյունքի հեղինակի իրավունքներ.

3) օրենքին համապատասխան` ավանդներ մուծել վարկային հաստատություններ և տնօրինել դրանք.

4) կնքել կենցաղային մանր գործարքներ և սույն օրենսգրքի 29 հոդվածի 2-րդ կետով նախատեսված այլ գործարքներ:

Տասնվեց տարեկան դառնալիս` անչափահասներն իրավունք ունեն նաև, կոոպերատիվների մասին օրենքներին համապատասխան, լինել կոոպերատիվի անդամ:

3. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասներն ինքնուրույն գույքային պատասխանատվություն են կրում սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան կնքված իրենց գործարքներով: Այդպիսի անչափահասներն իրենց պատճառած վնասի համար պատասխանատվություն են կրում սույն օրենսգրքին համապատասխան:

4. Ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի միջնորդությամբ դատարանը կարող է բավարար հիմքերի առկայության դեպքում սահմանափակել տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասի` իր աշխատավարձը, կրթաթոշակը կամ այլ եկամուտներն ինքնուրույն տնօրինելու իրավունքը կամ զրկել նրան այդ իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ անչափահասը լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերել սույն օրենսգրքի 24 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան:

Հոդված 34.Խնամակալություն

 

1. Խնամակալություն սահմանվում է տասնչորս տարին չլրացած անչափահասների, ինչպես նաև հոգեկան խանգարման հետևանքով դատարանով անգործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ:

2. Խնամակալները խնամարկյալների ներկայացուցիչներն են օրենքի ուժով և նրանց անունից ու ի շահ նրանց կնքում են բոլոր անհրաժեշտ գործարքները: