Զրուցարան — 2

OLYMPUS DIGITAL CAMERA

  Հացի  ուժը

Մեծաքանքար բանաստեղծ Ավետիք Իսահակյանը Հայաստանից ոտքը դուրս էր դնում թե չէ, անմիջապես հայրենի բնօրրանի, նրա պաղպաջուն  աղբյուրների,  քնքշօրոր  արտերի ու ցորնաբույր հացի կարոտն էր զգում:  Մի անգամ Ժնև  քաղաքում  բանաստեղծը  կարոտից  սկսում է արտասվել: Նրան թվում է՝  ուր որ է  կարոտից կմեռնի:  Հանկարծ մտաբերում է  այնտեղ  ապրող ֆրանսախոս մի հայուհու, որը  վաղուց  մոռացել էր թե’ հայերենը, թե’ իր հայ  լինելը:  Մի տոպրակ ալյուր վերցրած՝ բանաստեղծն աճապարում է տիկնոջ մոտ՝ խնդրանքով, որ հաց թխի: Կինը, որին  զարմացնում է  բանաստեղծի տարօրինակ թվացող  անըմբռնելի  ցանկությունը,  տեսնելով իրեն  ուղղված թախանձող  հայացքը, ընկալում է,  զիջում ու կատարում  նրա կամքը:  Երախտագիտությամբ  համբուրելով  տիկնոջ  ձեռքերը՝  բանաստեղծը վերցնում է հացն ու դուրս գալիս: Տունդարձի ճանապարհին  նրան  թվում էր՝  ինքն արդեն Հայստանում է:

Հասնելով իր օթևանը, որ  մի համեստ  կացարան էր,  բանաստեղծը  մեծագույն  հաճույքով  ըմբոշխնում է  հացը, ու նրա հոգին՝ կարոտից տառապյալ  ու փոթորկված, դույզն-ինչ  խաղաղվում է:

Իմանալով, թե  մեծ  բանաստեղծն  ինչու  է  իրեն երկու  ժամով  հացթուխ դարձել, կինն  ալեկոծվում  է,  հուզվում և որոշում  հայերեն  սովորել:

Անցնում են տարիներ….

Մի օր Երևանի ամբոխաշատ փողոցներից մեկում  բանաստեղծը,  ի զարմանս իր,  հանդիպում է  այն կնոջը:  Ա՜յ քեզ հրաշք.  կինը  խոսում էր մաքուր, անբասիր  հայերենով:  Տեսնելով մեծ վարպետի՝ իր վրա սևեռած  հայացքը՝  կինը,  կենսաթրթիռ ժպիտը դեմքին,  փարվում է նրան ու ասում.

-Սիրելի’  վարպետ,  ինձ հայերեն սովորեցրեց այն հացը,  որ ես թխեցի այնտեղ՝ Ժնևում:

Ասք  լավաշի մասին

Այնպես է պատահում, որ  հայոց արքա  Արամը, ասորական  թագավորի՝ Նոսորի  հետ պատերազմելիս  գերեվարվում է:   Նոսորը,  որ զվարճանքների  սիրահար էր,  առաջարկում է  տասը օր  քաղցած մնալուց հետո  մրցել  իր հետ  նետաձգության մեջ:  Եթե Արամը հաղթեր,  մեծամեծ ընծաներով  արքայավայել  ճանապարհվելու էր  իր երկիրը:  Հայոց արքան  առանց երկբայելու  ընդունում է առաջարկը՝  պահանջելով բերել իր գոհարազարդ  լանջապանակը:

Հաջորդ օրը՝  ճրագալույցին,  բանբերը,  սևաթույր նժույգներ հեծած, հասնում են հայ-ասորական սահմանը, ուր հայոց  զորաբանակն էր,  և հայտնում արքայի կամքը:  Հայերն իսկույն կռահում են՝ ինչ է ակնարկում և ինչ ակնկալում  իրենց  արքան, ուստի  բանբերներն հոժարակամ  հանձնում են  ակնազարդ լանջապանակը՝  մեջը հմտորեն տեղավորելով  նրբաթերթ մի  հաց՝ լավաշ:  Ստանալով զրահը՝  Արամն այն հետ է ուղարկում՝  պատճառաբանելով,  թե  իր ուզածը չէ:  Ինն օր  անընդմեջ  սուրհանդակները գնում են,  գալիս՝ առանց  կռահելու,  որ իրենց  իսկ ձեռքով կերակրում են  հայոց արքային:

Նոսորը, որին  թվում էր,  թե  տասնօրյա  քաղցից  Արամն  արդեն  ուժասպառ  է եղել,  հյուծվել,  կորցրել  սրատեսությունը,  ապշում է,  երբ հայոց  դյուցազունը՝  զվարթերես ու կայտառ,  դիպուկ արձակում է նետերը և հաղթում:

Նոսորը  պահում է  թագավորի՝  բոլորի առջև տված հանդիսավոր իր երդումը  և Արամին  թանկարժեք ընծաներով  ճանապարհում է  Հայաստան:

Իսկ Արամը՝   հայերի  փառապանց  ու հնարամիտ  արքան, հայոց  հողը մտնելուն  պես  հրովարտակ  է արձակում, որ  այդուհետև  Հայաստանում  միայն նրբաթերթ  ու բարակ  լավաշներ  թխեն:

Հյուրընկալ Անին

Անի մայրաքաղաքի  ամենամեծ մայրուղին կոչվում էր   «Բուն փողոց»:  Այստեղ մի փուռ-կուղպակ կար, ուր  գիշերվա  բոլոր ժամերին  հաց էին վաճառում:

Կոստանդնապոլսից եկած բյուզանդացի մի  վաճառական  կեսգիշերին  եկավ փռատիրոջ  մոտ և հարցրեց.

-Աշխարհի  բազում  քաղաքներում  եմ եղել,  բայց ոչ մի տեղ  հացի գիշերային խանութ չեմ տեսել:  Ինչ է, անեցիներն  այդքան  շա՞տ են  քաղցում,  որ գիշերներն էլ եք հաց թխում:

— Սխալվում  ես,  — պատասխանեց փռատերը, — Անին  ամեն օր հազարից ավելի հյուր է  ընդունում:  Շատերը քաղաք են հասնում  ուշ գիշերով:

— Բայց հազարից միայն մեկը  կարող է հաց  չունենալ  իր հետ:

— Գագիկ թագավորի և  նրա դշխոյի՝  Կատրանիդեի  հրամանով իմ փուռը գիշերն է գործում  հենց այդ մեկի համար:  Մեր քաղաքում ոչ մի հյուր չպետք է  քաղցած քնի:  Այս կուղպակը  հյուրընկալ Անիի արժանապատվության գիշերային պաշտպանն է:

Հայկ Նահապետի մասին

Մի անգամ  մեր նախահայր  Հայկ Աղեղնավորը  հյուր է գնում իր հին զինվորի տուն:  Շեմին նստած զինվորը  սրում էր  իր նիզակի  սլաքը:

-Ողջո՜ւյն,  զորակա’ն:

-Ողջո՜ւյն,  նահապե’տ, բարի’ եկար:

-Է’հ, զորակա’ն,  քեզ մոտ գալը տխրեցրեց ինձ, —  ասում է Հայկը:

-Ինչո՞ւ,  տե’ր  նահապետ, — զարմանում է  զորականը:

-Որովհետև անցա  տատասկների մեջ կորած  քո արտի մոտով, իսկ դու մանգաղի փոխարեն նստել  ու նիզակդ  ես սրում:

-Բայց  դու  ինքդ ես  ասում,  որ  զորականը պետք է  իր նիզակը միշտ սրած պահի,  աղեղը՝ լարած:

Հայկ  Աղեղնավորը  պատասխանում է.

-Երբ  կռիվ ու Բել  չկա,  զորականը հնձվոր է:  Մենք բռնակալին  հաղթել ենք, որպեսզի  մեր խաղաղ  երկնքի  տակ հող  հերկենք  ու  հաց  արարենք:  Հողը  խոպան  թողնելը շինականի պարտությունն է:  Դու հիմա շինական ես,  ոչ թե  զորական:

Մի  օր հեթանոս աստվածների  հայր  Արամազդը  կանչում է իր ատենադպիր Տիրին ու ասում.

-Գնա’  մատյանդ բեր:

Այդ մատյանում  Տիրը  (նա  հին հայերի  գիտության ու դպրության  աստվածն էր)  գրի էր առնում  մարդկանց  մասին ամեն բան:

Արամազդը  թերթում է մատյանը:

-Այս ի՞նչ ես գրել, Տի’ր, — ասում է գերագույն աստվածը, — Արա անունով այս մարդն  իրո՞ք  չի հոգնում աշխատանքից:

— Դա  ճշմարտություն է, հայրդ աստվածների, — պատասխանում է Տիրը:

— Հիմա կտեսնենք, թե  դա ինչպես է լինում, որ նա աշխատանքից չի հոգնում:

Աստվածահայրը ցերեկը կարճացնում է,  գիշերը՝  երկարացնում:

Արա հողագործը շատ է զարմանում, որ լույսն ուշ է բացվում:  Իր ժամին ստիպված  հագնվում է  և սկսում  բանել:

-Լսի’ր  ատենադպի’ր,  —  ասում է Տիրին Արամազդը, — քո մատյանում Արայի անվան դիմաց ավելացրո’ւ,  որ մարդն իր աշխատասիրությամբ կարող է հաղթել  աստվածներին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *